ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Author: ՆարինԷ Ներսիսյան (Page 5 of 6)

Սեռական առասպելներ

Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր ավանդույթներից և մտակաղապարներից ծնված առասպելներ: Տրվելով այդ առասպելներին՝ կանայք ու տղամարդիկ իրենց սեռականության մասին ձևավորում են իրականությանը չհամապատասխանող սպասումներ, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ:

Հայկական իրականության մեջ ամենատարածված սեռական առասպելներից մեկն այն է, որ կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական փաստերը վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կարողությունը մեծապես կախված է հենց իրենից՝ կնոջից: Այսպես, եթե կինը ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, փսիխոսեքսուալ զարգացման հապաղում, սեքսուալ “ես”-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնալ հիվանդություններ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ, նույնիսկ սեքսուալ ուժեղ տիպի, ի վիճակի չէ այդ կնոջը սեռական հաճույք պատճառել:

Կարդալ ավելին

Եթե կինը բժշկական օգնության շնորհիվ վերականգնում է սեռազգայունությունը, գրգռունակությունը կամ հեշտանք ապրելու կարողությունը, ապա այս դեպքում անինքնավստահ և ինքնաքննադատման հակում ունեցող տղամարդուն համակում են մտավախություններ ու կասկածներ՝ կապված կնոջ հավատարմության հետ. «եթե նա արդեն իմացավ ինչ է սեռական հաճույքը, ապա ինչ կլինի, եթե ես մի օր չկարողանամ բավարարել նրան»: Ահա սա էլ հաջորդ, ոչ պակաս տարածում գտած առասպելն է: Ամուսինը ընկնում է կեղեքումների գիրկը, երբեմն նույնիսկ հայտնվում է դեպրեսիայի մեջ: Այս առասպելի զոհն են դառնում հազարավոր մարդիկ, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է. կինը, ով սեռապես բավարարված է, երբեք չի մտածի զուգընկերոջը փոխելու մասին: Եվ եթե չլինեն տղամարդու նմանատիպ մտավախություններն, ամուսինները կապրեն երջանիկ սեռական և առօրյա կյանքով:

Տղամարդիկ հպարտանում են իրենց սեռական օրգանի չափի և պնդության աստիճանով, քանի որ տարածված է այն կարծիքը, որ տղամարդու սեռական օրգանի չափը և ձգվածության աստիճանը կնոջը սեռապես բավարարելու և որպես տղամարդ ռեալիզացվելու միակ կարևոր չափանիշն է: Սակայն ի հակառակ վերը նշվածի, բազում կանայք սեռական հարաբերության ժամանակ ամենաքիչը կարևորում են հենց բուն սեռական ակտը, այդ կանանց համար ավելի մեծ նշանակություն ունի սիրային նախերգանքը, տղամարդու հուզական էքսպրեսիվությունը, ուշադրությունը, ինչպես նաև` կնոջ հանդեպ առօրյա վերաբերմունքը: Եվ իրոք, գիտականորեն ապացուցված է, որ կնոջ սեռականությունը մեծապես պայմանավորված է հոգեբանական գործոններով, քան ֆիզիկական պարամետրերով (սեռական անդամի չափ, պնդություն, սեռական հարաբերության տևողություն): Ցավալի է, բայց փաստ նաև այն հանգամանքը, որ կանայք իրենց սեռական գրավչությունը կապում են իրենց հանդեպ տղամարդու դրսևորած հետաքրքրության հետ, եթե ամուսնու կողմից նվազում են անցյալում եղած սեռական ցանկության նշանները, այդ կինը ընկնում է խոր վշտի գիրկը. “ես այլևս դադարել եմ նրան որպես կին հրապուրել և կորցրել եմ իմ երբեմնի գրավչությունն ու գեղեցկությունը, հիմա նա, ամենայն հավանականությամբ, գտել է երիտասարդ սիրուհի”: Իսկ իրականում տղամարդու սեռական ցանկության նվազումը հնարավոր է բացարձակ կապ չունենա կնոջ գրավչության հետ, այլ բխի հենց իր՝ տղամարդու սոցիալական, հեգեբանական կամ գուցե նաև կենսաբանական խնդիրներից: Եվ եթե տղամարդը ժամանակին վերականգնի իր սեռական ցանկությունը, չի խորանա նաև նրանց միջև առաջացող միջանձնային անդունդի սպառնալիքը: Մինչդեռ կա հոգեբանական ֆենոմեն, այն է՝ կնոջ կողմից կպչուն բնույթի մտավախությունները իրականացվում են տղամարդու կողմից:

Վերջապես տղամարդիկ ռոբոտներ չեն, իսկ սեռական ակտը` մեխանիկական գործընթաց և հնարավոր է, որ նրա մոտ էլ պարբերաբար չլինի սեռական ցանկություն, կամ այնպես պատահի, որ չգոհացնի կնոջը, դա միանգամայն բնական է և հատկանշական է բոլոր տղամարդկանց

Ինչ վերաբերում է տարիքային փոփոխություններին, տարածված է այն կարծիքը, որ տարիքի հետ տղամարդը կորցնում է պոտենցիան, բայց իրականում պարզապես նվազում է սեռական ցանկությունը, և երիտասարդ հասակի հետ համեմատած ոչ այնքան հաճախակի է առաջանում սեռական պահանջ: Կարևոր է դառնում ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ բովանդակությունը, մինչդեռ էրեկցիայի հետ կապված որևէ խնդիր առաջանում են ավելի ուշ տարիքում, եթե իհարկե բացակայում են այլ հիվանդությունները:

Ուստի տղամարդկանց խորհուրդ է տրվում հետևել իրենց առողջությանը, հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին, չչարաշահել ալկոհոլը և նիկոտինը և անպայման իմանալ տղամարդու սեռականության շուրջ պտտվող առասպելների հիվանդագին ազդեցությունների մասին:

Փակել

Կնոջ էրոգեն գոտիները

Շատ մասնագետներ պնդում են, որ կա կանացի օրգազմի երեք տեսակ` հեշտոցային, ծլիկային և խառը: Կնոջ սեռական հաճույքի այսպիսի մեխանիկական դասակարգումը այն աստիճանի պարզունակ է դարձնում կանացի սեքսուալությունը, որ կարող է լուրջ սեռական խանգարումների հիմք հանդիսանալ:

Հայտնի է, որ սեռական օրգանների ռիթմիկ և երկարատև գրգռումը ի վիճակի է գրգռում առաջացնելու տղամարդկանց մոտ, ինչը չի կարելի ասել կանանց համար: Կնոջ գրգռման համար բացի վերոնշյալ գրգռումից, հարկ է նշել շատ կարևոր մի քանի պայմաններ ևս` ներքին հոգեբանական տրամադրվածությունը, սեռական զուգընկերոջ հանդեպ բարյացակամ և էրոտիկ վերաբերմունքը, առանց որոնց ինչ աստիճանի ինտենսիվ և երկարատև էլ լինի սեռական գրգռումը` հեշտոցի խոնավացում և սեռական գրգռման զգացողություն կնոջ մոտ ի վիճակի չէ առաջանալու: Այնպես որ, պետք չէ գրգռել կանանց երկարատև հոգնացուցիչ մեխանիկական գրգռումներով, նա միևնույնն է չի գրգռվի, եթե էրոտիկ չի տրամադրված և զուգընկերն ազդում է նյարդերի վրա` իր համառ փորձերով:

Սեռական կյանքը կլիմաքսից հետո

Կլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը: Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է: Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/: Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքից հրաժարումը կամ, այլ կերպ ասած, իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և տանում է արագընթաց ծերացման:

Կարդալ ավելին

Մինչդեռ ընտրելով սեռական կյանքը պահպանելու որոշումը` զույգերը նոր ասպարեզ են բացում իրենց փոխհարաբերություների վերակառուցման համար, և այդ նոր փոխհարաբերությունները սովորաբար տարբերվում են նախկինից է՛լ ավելի խորը և է՛լ ավելի հարուստ բնույթով: Բացի այդ, սեռական կյանքի պահպանումը միանշանակ լավ է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` կազդուրելով հիմնական հիվանդությունից վատթարացած առողջական վիճակը: Դե ինչ վերաբերում է սեռական օրգանների հետ կապված հիվանդություններին և հատկապես` այդ օրգանների վիրահատական միջամտությանը /արգանդի միոմա և այլ նորագոյացություններ,ձվարանի կիստաներ, շագանակագեղձի ադենոմա, միզապարկի նորգոյացություններ և այլն/ ապա դարձյալ պետք է ասել, որ սեռական պահանջի և սեռական հաճույքի վերապրումը այս պարագայում ևս պահպանվում են: Թերևս կարող են ծագել որոշակի դժվարություններ սեռական գրգռման առաջացման և պահպանման հետ կապված, բայց դա միանշանակ և գրեթե ամբողջովին լուծելի խնդիր է: Ընդ որում ինչքան շուտ է խնդրին լուծում տրվում, այնքան հեշտ և լիարժեք է դառնում սեռական կյանքի և սեքսուալության վերականգնումը:

Մյուս խնդիրը, որը լուծում է պահանջում զուգընկեր/ուհի գտնելն է: Ցավոք ամուսիններից որևէ մեկի մահը կարող է պատճառ դառնալ սեռական կյանքից հարկադիր կերպով զրկման: Այս տարիքում նոր ամուսնություն և առավել ևս նոր սիրային կապ ստեղծելը իսկապես դժվար խնդիր է: Երբեմն իհարկե, որոշում է կայացվում հանուն հանգուցյալ ամուսնու/կնոջ հանդեպ տածած սիրո հիշատակի հրաժարվել սեռական կյանքից և պահպանել ամուսնական հավատարմություն: Իհարկե վեհ գաղափար է և ուժեղ մարդու բնութագիր, խոսք չկա: Բայց այնուհանդերձ սեռական պահանջը երբեմն այնքան հզոր է լինում, որ ուղղակի անհնար է դիմակայելը և ակամայից միտք է առաջանում նոր սեռական զուգնըկեր/ուհի գտնելու և սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու մասին:

Պետք է նշել, որ սեռական կյանքի երկարատևությունը, այսինքն թե ինչքան երկար կշարունակվի սեռական կյանքը տվյալ անձնավորության կյանքում, կախված է սեռական պահանջի կանոնավոր բավարարումից: Ինչքան կանոնավոր է սեռական կյանքը մարդու կյանքում, այնքան երկարատև էսեռական կիրքը բավարարելու հնարավորության պահպանումը: Այնպես որ եթե տարեց անձնավորությունը ուզում է պահել իր սեռական կարողությունը, ապա հարկավոր է հնարավորինս շուտ նոր սեռական զուգընկեր գտնելը:

Լինում է և հակառակը: Ամուսնու/կնոջ մահից հետո հանկարծակի արթնանում է երկար տարիներ քուն մտած սեռական պահանջը: Այս երևույթը հանդիպում է նաև տարեց հասակում ամուսնալուծության պարագայում: Ամուսնական շրջանակներում ընկճված և արգելակված սեռական պահանջը վերջապես ազատության ելք է գտնում և բավարարման պահանջ ներկայացնում: Բայց սա այլ թեմա է: Հասարակությունը տարեց մարդկանց սեռական դրսևորումներին մեղմ ասած անբարյացկամ է վերաբերվում: Երբեմն ծայրահեղ անբարյացկամ վերաբերմունքը կարող է զզվանքի աստիճանի հասնել: Հաճախ ամուսինները երբ ծերանում են` լռելյայն որոշում են կայացնում սեռական կյանքից հրաժարվելու` պահպանելով իրենց «բարոյական դիմակը»:

Կան դեպքեր, հատկապես երբ կինը սեռական ցանկության խնդիր ունի` ամուսնու ծերանալը կամ որևէ հիվանդություն ձեռք բերելը դառնում է իսկական արդարացում և համոզիչ փաստարկ սեռական կյանքին ց’տեսություն ասելու, թեև այդ տղամարդը դեռ երկար կարող էր վայելել սեռական կյանքիհաճույքը: Մեկ այլ պարագայում, երբ խնդիր ունի տղամարդը, տարիքը և/կամ հիվանդությունը դառնում է թանկարժեք «ալիբի» կնոջ սեռական պահանջներից «վերջապես» փախնելու համար: Կարճ ասած, քանի որ տարածված է այն համոզմունքը, որ «բարոյական» տարեցները սեռական պահանջներ չեն ունենում, տարիքը դառնում է սեռական կյանքի առաջին թշնամին:

Տարիքի հետ կապված մյուս խնդիրը մարդու արտաքին տեսքի մեջ է: Մաշկը թուլանում է` կորցնելով իր առաձգականությունը, հայտնվում են կնճիռներ, հղիություններից և տարած վիրահատություններից հետո ձևախեղվում են մարմնի և մաշկի երբեմնի սեքսուալ ուրվագծերը, գիրության հետ կապված հայտնվում են ավելորդ ճարպի կուտակումներ, սպիտակ մազեր, մի խոսքով տարիքով մարդու մարմինը կարելի է ասել հակաէսթետիկ տեսք է ստանում և սեքսուալ առումով վանող է թվում: Սակայն, այս բոլորի հետ մեկտեղսեռական պահանջը այնուամենայնիվ շարունակում է ապրել և սեռական հաճույքի վերապրումը միանգամայն պահպանվում է: Ավելին, տարիների կուտակված սեռական փորձը և կյանքի փորձը սեռական հարաբերությունը կարող են դարձնել անզուգական և իր խորությամբ երբեմն անհասանելի: Այս տարիքում վերապրած սեռական հաճույքի ուժգնությունը կարող է մի քանի անգամ գերազանցել երիտասարդ տարիքի օրգազմի ուժգնությանը, քանի որ այս տարիքում միանում է նաև օրգազմի փսիխոէմոցիոնալ բաղադրիչը, որը կարող է հասցնել իսկական սեքսուալ էքստազի: Ցավոք այդ էքստազը չափազանց թանկ գին է պահանջում, ծերության և մահվան գիտակցման գինը:

Այսպիսով` սեռական կյանքը տարիքային սահմանափակում չունի, ցանկացած տարիքում հնարավոր է ապրել սեռական կյանքով և վայելել սեռական հաճույքի երանություն:

Փակել

Սերը որպես կախվածություն

Սերը կարող է կոկայինային կախվածության պես կպչուն լինել…

– Արդյոք, սերը հիվանդությո՞ւն է:

– Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:

Գիտական փաստերը վկայում են, որ սիրով խանդավառված անձի օրգանիզմում բարձրանում է նյարդային մեդիատոր դոպամինի քանակությունը եւ իջնում է սերոտոնինի քանակը: Դոպամինը այն նյարդային մեդիատորն է, որը դրդում է կրկին անգամ ձեռնարկել այնպիսի վարքային ակտիվություններ, որոնց ավարտին ի հայտ է գալիս խորը բավարարման զգացողություն: Ահա թե ինչու է սեքսուալ բավարարման զգացողությունը բերում սեռական ցանկության բորբոքման:

Գիտական հետազոտությունները վկայում են, որ կախյալության հակվածությամբ օժտված անձանց մոտ, օրինակ` նիկոտինային կախյալությամբ տառապող անձի դեպքում, դոպամինի նյութափոխանակությունը այնպես է խաթարված, որ կախյալություն առաջ բերող նյութը, տվյալ դեպքում` նիկոտինը, զգալիորեն ուժեղ հաճույք է հարուցում տվյալ անձի մոտ, քան նրանց, ովքեր չունեն կախյալության հակվածություն: Նմանապես «կպչուն-սեւեռուն» սիրո դեպքում, սիրված անձնավորությունը դառնում է կախյալության օբյեկտ եւ առաջացնում այնպիսի ուժեղ հաճույքի զգացողություն, որն ամրապնդում է այդ ախտի ձեւավորումը:

Կարդալ ավելին

Սերոտոնինն ունի տրամադրությունը, ախորժակը եւ քունը կարգավորող ազդեցություն, լավացնում է հիշողությունը եւ սովորելու կարողությունները, սերոտոնինի քանակը գլխուղեղում բարձրացնող դեղերը բերում են տրամադրության բարձրացման եւ տագնապի իջեցման: Հիվանդագին սիրո ժամանակ սերոտոնինի ցածր քանակությամբ է պայմանավորվում դեպրեսիվ-տագնապային ապրումների` անքնության, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողության, ախորժակի կորուստի գերիշխումը անձի հոգեվիճակում: Սերը կարող է կոկաինային կախյալության պես կպչուն լինել: «Կպչուն-սեւեռուն» սերը ունի խորն արմատներ, որոնք հասնում են մինչեւ մանկության տարիներ: Երբ ծնողները ի վիճակի չեն բավարարել երեխայի հուզական պահանջները, երեխան մեծանալով` կյանքի ողջ ընթացքում շարունակում է հուզական ուշադրություն տենչալ: Նա հեշտությամբ գերվում եւ սեւեռվում է դժվար հասանելի եւ հուզականորեն անմատչելի զուգընկերների վրա, որովհետեւ վերջիններս անգիտակցաբար դիտարկվում եւ նմանակվում են այն ծնողին, որի սիրո պակասը իրենք միշտ զգացել են:

Եվ այսպես` ամփոփելով վերոշարադրյալը, կարելի է եզրահանգել, որ սերը հիվանդություն կարող է դիտարկվել այն դեպքում, երբ այն կրում է կպչուն-սեւեռուն հոգեկան խանգարման բնույթ: «Կպչուն-սեւեռուն» սիրո հակված են առավելապես կախյալության հակվածությամբ անձիք: Հիվանդագին սիրով ախտահարման մյուս ռիսկային գործոնը ծնողների հուզական վերաբերմունքն է երեխային, հուզական սառնությունը, անմատչելիությունը:

Փակել

Կանանց սեռական ինքնաբավարարում

Հայտնի է այն փաստը, որ մեծ թվով կանայք դիմում եմ սեռական ինքնաբավարարման: Եթե հաշվի առնենք, որ կնոջ սեքսուալության հիմնասյունը վերարտադրման նպատակով տղամարդուն գրավելու և ներթափանցման ենթարկվելու ձգտումն է, ապա ինքնաբավարարումը, որը չի ծառայում վերարտադրմանը, կարող է դիտարկվել իբրև հավելյալ բաղադրիչ, որը համալրում է կնոջ սեքսուալությունը: Ո՞րն է այդ հավելյալ նշանակությունը:

Ժամանակակից սեռագիտության հավաստի փաստերը վկայում են, որ կանայք` ի տարբերություն տղամարդկանց, տարբերվում են սեռական հաճույքին էական կարևորություն տալու իրենց մոտեցմամբ: Ուրեմն կարելի է կասկածի տակ առնել այն ենթադրությունը, որ կանանց ինքնաբավարարումից ստացված հաճույքը տղամարդկանց պես էռոտիկ զգայունության և հեշտանքի վերապրումն է, թեև չի բացառվում նաև այս տարբերակը:

Երբ կինը պարզում է, որ ինքնուրույն կարող է հասնել հաճույքի և հեշտանքի, երբ գիտի, որ ինքն է խաղի հեղինակը և գործում են իր իսկ սահմանած խաղի կանոնները, ապրում է մի տեսակ ամենակարողության զգացում, որի շնորհիվ հեղաշրջվում է իգական սեռի մասին թույլ, թերի, կիսատ լինելու իր պատկերացումը:

Բացի այդ ձեռնաշարժությունը թույլ է տալիս մեջտեղից հանել տղամարդուն, վանել նրա կողմից հարուցվող բոլոր հավանական վախերը: Ինքնուրույն հեշտանքի հասնելու հնարավորությունը կանանց համար դառնում է կախվածությունից խուսափելու միջոց: Այսպիսով ինքնաբավարարումը տալիս է ամբողջականության, ապահով ինքնուրույնության, անկախության և հավերժության զգացում: Ահա թե ինչու` երբեմն այդքան դժվար է դառնում ձեռնաշարժությունից հեշտորեն հրաժարվելը:

Եվ եթե չլիներ կնոջ սեքսուալության հիմնական առանցքը, այն է վերարտադրման բնազդը, ապա մարդկությունը կկանգներ բնաջնջման եզրին: Ուստի երբ ձեռնաշարժությունը դառնում է սեռական կարիքի բավարարման և հաճույք ստանալու միակ ձև, ի հայտ է գալիս ներքին կոնֆլիկտ սեփական սեքսուալության հետ և այստեղ է, որ ծնվում են հեշտոցային անզգայությունը, սեռական գրգռման խանգարումը և կնոջ անօրգազմիան:

Անկանոն սեռական կյանք` պրոմիսկուիտետ

Անկանոն սեռական կյանքը` բազմակի զուգընկերների հերթափոխմամբ, համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այս խանգարումը հաճախ հանդիպում է աղջիկների մոտ և արտահայտվում բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությամբ, ում հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, սեռական հարաբերությունը նրանց հետ առաջինն ու վերջինն է: Խոսքը չի վերաբերում մարմնավաճառությանը, որովհետև սեռական այս վարքի հիմքում, ոչ մի դեպքում, ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Նրանց չի առաջնորդում նաև սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` հիմնական դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:

Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները հաճախ ձեռք են բերում սեռավարակներ և տարածում իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին, իր անպատասխանատվության պատճառով հաճախ մնում է թերի բուժված, և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում` ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես, եթե ընդհատել են չնախատեսված հղիությունները: Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը: Կարելի է ասել, որ պրոմիսկուիտետը նաև սոցիալական չարիք է, բացի առողջական խնդիր լինելուց, քանի որ հասանելի լինելով իբրև սեռական օբյեկտ, այսպիսի աղջիկները ստեղծում են կանացի սեքսուալության այնպիսի պակերացումներ, որտեղ կինը հանդիսանում է լոկ հաճույքի առարկա։

Կարդալ ավելին

Իսկ ինչո՞ւ է աղջկա սեռական կյանքը ձեռք բերում նման ընթացք, արդյո՞ք սա ժառանգական նախատրամադրվածություն է, թե կյանքի անբարեհաջող հանգամանքներն են «մեղավոր»: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման վարքի աղջիկները ունեն աձի սահմանային տիպ, իսկ դա նշանակում է հուզական անկայունություն, առանց հետևանքները հաշվի առնելու, ներքին մղումով գործելու վառ արտահայտված միտում: Միջավայրի ազդեցությունը հեշտությամբ կարող է հրահրել վարքային «պայթյունների», նրանք դյուրագրգիռ են, դժվարանում են իրենք իրենց տիրապետել: Մյուս կողմից այս աղջիկներն ունեն անինքնավստահության զգացում և որպես անլիարժեքության դեմ պայքարի միջոց ընտրել են իրենց սեռի գրոտեսկային ընդգծումը, քանի որ համարում են, որ տղամարդուն գրավում են կրքոտ, սեռազգայուն և մուլտիօրգաստիկ կանայք:

Այն պատճառով, որ այս աղջիկներն ի վիճակի չեն կայուն փոխհարաբերություններ ստեղծել,նրանց «կյանքի ընկերը» երկար չի դիմանում իրենց կողքին և հեռանում է: Սա իր հերթին ավելի է խորացնում թերարժեքության զգացումը, հուսահատության մեջ հայտնվելով՝ նրանք սկսում են իմպուլսիվ կերպով` առանց իրենց հաշիվ տալու փոխարինել մի տղամարդը մյուսով: Սեռական կապերը նրանց կյանքում դառնում են ինքնահաստատման և թերարժեքության խորը զգացումից ձերբազատման կարևոր միջոց:

Իրականում այս աղջիկները խորը թերարժեքության և միայնակության զգացում ունեն և սեռական անկանոն վարքի միջոցով փորձում են խուսափել անտանելի այս զգացողություններից՝ դատարկություն, ցածր ինքնագնահատական, ինքնանվաստացում, մենակության վախ, ընկճվածություն: Սա հոգեսեռական լուրջ խնդիր է համարվում, որը ավելի բարձր տարիքում կարող է հանգեցնել խորը տառապանքի դատապարտված լինելու և անելանելիության զգացման, ուստի հարկ է ժամանակին դիմել կոմպետենտ մասնագետի՝ տվյալ դեպքում՝ բժիշկ-սեքսոլոգի օգնությանը:

Փակել

Առնանդամի չափը

Առնանդամի չափսը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող գանգատ է: Բժշկական օգնության տեսանկյունից կարելի է տարբերակել երեք խումբ տղամարդիկ: Առաջին խումբը` առնանդամի նորմալ չափս ունեցող տղամարդիկ են, որվքեր պարզապես ունեն սխալ պատկերացումներ և սպասումներ` կապված առնանդամի չափսի և սեռական մերձեցման իրականացման հետ: Սա խորը իմաստով գալիս է նրանից, որ տղամարդու ինքնությունը սոցիալ-մշակութային հրամայականներով նույնացվում է այդ օրգանի չափսի հետ, և անատոմիական այս միավորը, փաստորեն, դառնում է տղամարդկության սոցիալ-մշակութային նշանակության ողջ ծանրությունը իր վրա կրող անարդարացիորեն չարաշահված օրգան: Այս տեսակի տղամարդիկ կարիք ունեն ռացիոնալ հոգեթերապևտիկ օգնության, որը արմատապես կլուծի նրանց անհանգստությունը:

Երկրորդ խումբ տղամարդիկ ունեն ավելի լուրջ` հոգեբուժական խնդիրներ` դիսմորֆոֆոբիկ համախտանիշ` կապված առնանդամի չափի հետ: Այստեղ երբեմն պահանջվում է հոգեբուժական խորհրդատվություն և բուժական օգնության կազմակերպում այս դաշտի շրջանակներում:

Երրորդ խումբը իրոք միկրոպենիսով տղամարդիկ են, այստեղ չափի պատճառով իրոք առաջանում են ներթափանցման լուրջ խնդիրներ և սեռական դիրքերի անհարմարություն: Կանայք, ովքեր սեռական հաճույք են ապրում վուլվայի գրգռումից, ներթափանցման կարիք չունեն և միկրոպենիսը այս դեպքերում խնդիր հանդիսանալ չի կարող: Այլ է այն կանանց դեպքում, երբ ներթափանցումը պարտադիր անհրաժեշտություն է սեռական հաճույք ապրելու համար: Կարելի է ենթադրել, որ ամենամեծ դժգոհությունը չափսից արտահայտում են այն կանայք, ովքեր ընդհանրապես սեռական գրգռում և հաճույք չեն ապրում, քանի որ այստեղ տուժում են իրենց էմոցիոնալ կարիքները, կանացի ինքնությունը:

Պատանեկան ձեռնաշարժություն

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, ինքնաբավարարում, օնանիզմ) ձեռքի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով` տղամարդկանց մոտ և հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ: Կան ձեռնաշարժության մի քանի ձևեր: Նախ և առաջ դա պատանեկան ձեռնաշարժությունն է: Սա պատանեկան տարիքում տղաների սեռական հասունացման բնորոշ դրսևորումներից է: Ձեռնաշարժության այս տեսակը պայմանավորված է ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններով: Ֆիզիոլոգիական գործոնն այս տարիքում առաջացող նեյրոհորմոնալ բուռն տեղաշարժերն են:

Պատանեկության շրջանում կտրուկ բարձրանում է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի քանակությունը, որը երկու ճանապարհով խթանում է ձեռնաշարժության երևույթը: Նախ, տեստոստերոնի աճող քանակը արագացնում է ամորձիների զարգացումը և սերմի արտադրության պրոցեսը: Արագ տեմպերով կուտակվող սերմնահեղուկը լարում է առաջացնում սերմնատար ուղիներում` ճնշում գործադրելով այդ ուղիների պատերում տեղակայված մեխանոռեցեպտորների վրա: Այս ճնշումը ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի վիճակ, որից ամեն կերպ ազատվելու ձգտումը դառնում է գերիշխող շարժառիթ:

Կարդալ ավելին

Մյուս կողմից, տեստոստերոնն ազդելով բարձրագույն նյարդային համակարգում տեղակայված սեռական վարքի համար պատասխանատու կենտրոնների վրա` թողնում է էրոտիզացնող հատկություն, որը դրսևորվում է սեռազգայնության բարձրացմամբ, սեռական բնույթի երևակայությունների առաջացմամբ: Ձեռնաշարժությանը նպաստող սոցիալական գործոններն են` ընտանիքի ձևավորման տարիքային բարձր շեմը և մեր հասարակության մեջ կնոջ և տղամարդու համար գործող բարոյական նորմերի երկակի ստանդարտները:

Պատանին այս տարիքում ոչ կարող է ամուսնանալ, քանի որ սոցիալապես հասուն չէ, ոչ էլ սեռական կապ ունենալ իր հասակակից աղջիկների հետ, քանի որ վերջիններս պետք է պահպանեն իրենց կուսությունը նախքան ամուսնանալը: Այսպիսով, պատանեկան տարիքում հորմոնալ փոթորկով պայմանավորված սեքսուալ դիսկոմֆորտից ձերբազատվելու ուղին դառնում է ձեռնաշարժությունը: Բժշկական տեսանկյունից պատանեկան հիպերսեքսուալության ձեռնաշարժությունը չունի ախտաբանական ազդեցություն առողջության վրա: Այն ունի ժամանակավոր բնույթ և սովորաբար անցնում է, երբ ավարտվում է սեռական հասունացման բուռն շրջանը, սովորաբար 21 տարեկանին մոտ:

Սակայն, կրոնական պատկերացումների ազդեցության տակ ձեռնաշարժությունը սերտ կապով ամրացել է մեղքի զգացումի հետ: Հին Կտակարանում այս երևույթին տրվում է խիստ բացասական գնահատական, համարվելով ծանրագույն մեղք:

Փակել

Ում դիմել` սեքսոլոգի՞ն, թե՞ հոգեբանին

Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ մարդիկ չեն կողմնորոշվում` ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրենց` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: Քանի որ միջսեռային դժվարությունները մարդուն հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Եվ իրոք, շատ դեպքերում հոգեբանը մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել անինքնավստահությունը, անլիարժեքությունը, օգնում է բարձրացնել ինքնագնահատականը:

Սակայն, գոյություն ունի այն սխալ պատկերացումը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն՝ զույգի միջև առկա է փոխադարձ հասկացողություն, սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է:

Կարդալ ավելին

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրականությունը բոլորովին այլ է: Բժիշկ-սեքսոլոգին դիմում են բազմաթիվ զույգեր, որոնք ունեն շատ ջերմ հարաբերություններ, սիրում և փայփայում են միմյանց, բայց փաստացի, անկողնում ոչինչ չի ստացվում: Սիրո զգացումի առկայությունը գուցե և պարտադիր պայման է սեռական մերձեցման համար, սակայն միայն սերը բավարար չէ:

Սեռական հարաբերություններում և, հատկապես սեռական ակտի ընթացքում, բացի հոգեկան գործընթացներից, մասնակցում են նաև մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմներ: Սեռական ցանկության առաջացումը, սեռական գրգռումը և օրգազմն ունեն իրենց մարմնական հիմքը: Այստեղ անհրաժեշտ է նյարդային միջնորդանյութերի, անոթների, հորմոնների, մկանների համատեղ և ներդաշնակ համագործակցություն, որպեսզի սեռական հարաբերությունն անխափան ընթացք ունենա՝ ցանկության առաջացումից մինչև օրգազմ: Ֆիզիկական տարաբնույթ շեղումները, որոնք հաճախ տեսանելի չեն, խափանում են սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիան, որն էլ իր հերթին արժանանալով մարդու ոչ առողջ մեկնաբանությանը` բերում է բացասական հույզերի առաջացման և վերոնշյալ ֆիզիոլոգիական շեղումների ամրապնդման:

Հոգին ու մարմինը համատեղ են գործում և այս միասնությունը հատկապես ակնհայտ և ընդգծված է մարդու սեռական գործառույթի մեջ։ Մարդու բոլոր սեռական խանգարումները կամ դժվարությունները հոգեմարմնական բնույթ ունեն:

Սեռական դժվարությունների և հոգեսեռական անբավարարվածության զգացումը պետք է գիտակցվի զույգերի կողմից և կարևորվի իբրև խնդիր, քանի որ այն դառնում է ոչ միայն հարաբերությունների քանդման, այլ նաև մարմնական հիվանդությունների առաջացման պատճառ և նպաստում է կյանքի որակի իջեցմանը:

Ուստի մի վարանեք դիմել օգնության, եթե առկա են անգամ թեթև խնդիրներ։ Պրոֆեսիոնալ օգնությունն այս հարցում անգնահատելի բարիք կբերի ձեր ինտիմ կյանքում, հարաբերություններում և կյանքի մյուս բոլոր ոլորտներում։

Փակել

Լացի պահանջ սեռական մերձեցումից հետո

Սեքսից հետո լացելու անզուսպ պահանջը և ինքնաբուխ դուրս հորդող արցունքները որոշ կանանց և աղջիկների սեռական կյանքի դրսևորումներից է: Եզակի դեպքերում դրանք երջանկության արցունքներ են` պայմանավորված սեռական հաճույքի ժամանակ մեծ քանակությամբ հորմոնների ձերբազատմամբ: Մեծ մաս դեպքերում այս դրամատիկ գանգատը ընդամենը «լողացող սառցալեռան գագաթն է հիշեցնում», և խորը հոգեսեռական վերլուծությունը բացահայտում է այդ գանգատի ողջ լրջությունը: Սովորաբար նման գանգատ ներկայացնող կինը սեռական մերձեցման ժամանակ տագնապի մեջ է ընկնում և դիսկոմֆորտի զգացում ապրում, որի պատճառով, երբ կենակցումն ավարտվում է` կուտակված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Տագնապի զգացումը, որը թույլ չի տալիս թուլանալ և սեռական հաճույք ապրել, կապված է անցյալի բացասական փորձի, տարած հոգեսեռական տրավմայի և հորմոնների հետ:

Լացը խոսում է այն մասին, որ մերձեցման ժամանակ կնոջ ինտիմ ապրումները հակասության մեջ են մտնում իր ունեցած հարաբերության և իր իսկ հետ: Հարաբերությունը տղամարդու հետ չունի հուզական այն հագեցվածությունը, որին սովոր է կինը` իր անցյալ փորձի հիշողությամբ, ուստի սեքսը բախում է նրան իրականության հետ, որը ցավ է պատճառում և բերում լացի: Կնոջը կարող է թվալ, որ նա չի սիրում տղամարդուն, ում հետ ինտիմ մերձեցման մեջ է և դա բերում է խորը դժբախտության: Երբեմն կանայք լացում են, քանի որ անգիտակցաբար սպասում են, որ իրենց պիտի լքեն սեքսից հետո: Այսպսիսի կանայք չեն հավատում, որ տղամարդու դրսևորած հոգատարությունն ու քնքշանքը ճշմարիտ են: Իրենց անարժան են համարում և անգիտակցաբար քանդում իրենց կապը, որը խոստումնալից է և վերջապես կարող է իրական երջանկություն բերել: Անցյալում լքված լինելու փորձառության ցավը նրանք հաղթահարում են նրանով, որ իրենք են դառնում լքողներ և դրանով իսկ կանխում հավանական լքման հնարավորությունը: Անկախ այն բանից, թե որն է լացի պատճառը, հարկավոր է միանգամայն լրջորեն վերաբերվել սեքսոլոգիական այս ախտանիշին, քանի որ ժամանակին ցուցաբերած մասնագիտական օգնությունը կարող է կանխել կին-տղամարդ լուրջ հարաբերության քայքայումը և անգամ այնպիսի լուրջ բարդություն` ինչպիսին սուիցիդալ փորձն է:

Page 5 of 6

© 2022 | ՆարինԷ Ներսիսյան | Հեղինակային իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений