ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Category: Այլ (Page 2 of 2)

Հաշմանդամություն և սեռական կյանք

Live in Love

Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Ինձ մոտ գալուց առաջ խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպենք, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի որևէ մեկը չնկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, «ի՞նչ կմտածեն մարդիկ». սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով: Նա օգտվում էր սայլակից, իսկ մեր կլինիկայի մուտքը բարձր է գետնի մակարդակից ու թեքահարթակ էլ չունենք: Այնպես որ ամոթը մի կողմ, հարկ կար նախ և առաջ հաղթահարելու ամենապարզունակ տեխնիկական դժվարություններ:

Բնությունից օժտված անզուգական հմայքով այդ կինը խելացի էր և գրավիչ: Նրա մարմնի վերին վերջույթները, դեմքի մկանները, պարանոցը շարժունակ էին և արտացոլում էին իրենց շարժողի ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը: Պատահել էր այնպես, որ իր կյանքում հայտնվել էր մի տղամարդ, ով գնահատել էր իր արժանիքները և խորը հարգանք էր տածում իր նկատմամբ: Հաշմանդամությունը խոչընդոտ չէր հանդիսացել սիրո մեջ ապրելուն և նրանք ամուսնացել էին: Սակայն կար մի խնդիր, որը թույլ չէր տալիս ապրել սեռական կյանքով, դա կնոջ մոտ առկա վագինիզմն էր: Երկարատև ու համառ բուժումից հետո, հաղթհարելով բազում դժվարություններ` մեզ հաջողվեց հաղթահարել հիվանդությունը: Հիմա նրանք ունեն մի շատ գեղեցիկ բալիկ:

Կարդալ ավելին

Կնոջ կյանքում հաշմանդամություն ունենալը մեծ ազդեցություն է գործում նրա կին լինելու գիտակցության վրա: Որովհետև կնոջ մարմնի արտաքին ձևը այն հիմնական խթանն է, որից բորբոքվում է տղամարդու սեռական կիրքը: Կինը շատ լավ գիտակցում է այս փաստը և իր մարմնին չափազանց մեծ կարևորություն տալիս, քանի որ տղամարդու ուշադրության արժանանալը ներքուստ ուրախացնում է կնոջը, բարձրացնում է նրա տրամադրությունը և կանացի ինքնագնահատականը, տղամարդու ուշադրությունը կնոջ հանդեպ վավերացնում է կնոջ գոյության իմաստը: Տղամարդու անտարբերությունը կնոջ համար հարված է, հատկապես այն տղամարդու կողմից ով դուր է գալիս իրեն: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նմանատիպ դեպքերում կինը ակամայից փորձում է բացատրություններ գտնել և պաշտպանել իր կանացի արժանապատվությունը ու հետաքրքիր է նկատել, որ առավել հաճախ նա հակված է մտածելու, որ խնդիրը իր մարմնի ոչ բավականաչափ սեքսուալ լինելու մեջ է: Շատ հազվադեպ է լինում, որ առաջին միտքը, թե ինչու է ազատ տղամարդն անտարբեր, այն լինի, որ նա օրինակ, միասեռական է կամ ասենք, ձախողման տագնապից հուսալքված կույս կամ պարզապես պլատոնական սիրով շղթայված կնամեծար էակ: Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մարմնի խնամքի միջոցները, արտաքին տեսքը գրավիչ դարձնող, սեքսուալ-էրոտիկ երանգ հաղորդող միջոցները, գեղեցկության և հմայքի սրահները, պլաստիկ վիրահատության դիմող կանանց աճող թիվը, բոլորը ծառայում են տղամարդու ուշադրությունը գրավելուն՝ միայն և միայն մեկ նպատակով՝ լինել կին տղամարդու համար:

Սակայն տղամարդու սեռականության մեջ կա մի տարր, որով նրա սեռական կիրքը էապես տարբերվում է սեռական մղումից, այդ տարրը մի հավելում է, որով սեռական մղումը դառնում է ավելին, քան պարզապես սեռական մղումն է և կնոջ մարմինը ձեռք է բերում տասներորդական նշանակություն խնդրին այս տեսանկյունից նայելու դեպքում:

Հարց է առաջանում, ինչո՞ւ է տղամարդու գրգռման համար կնոջ մարմինն այդքան գերիշխող առաջնություն ձեռք բերում, երբ ֆիզիոլոգիական տեսանկյունից այդ մարմինը ոչ այլ ինչ է, քան ընդամենը սեռական խթաններին ի պատասխան` գրգռման արձագանք դրսևորելու ֆիզիոլոգիական համակարգ: Մի՞թե մարմնի պատասխան տալու ունակությունը և տեսանելի փոփոխման արձանագրումը այն միակ և ցանկալի արդյունքն է, որին ձգտում է տղամարդը և որի համար պատրաստ է ժամանակ տրամադրել: Բնականաբար` ոչ: Սեռական գործողության ժամանակ մարմնական շփումը ամենավերջին տեղ է զբաղեցնում այն իրադարձությունների շարքում, որոնք ծավալվում են այդ ընթացքում: Մարմինը կարելի է ասել, այն վերջնական օղակն է, այն միջոցը, որով հնարավոր է դառնում ներքին՝ շատ ավելի կարևոր և շատ ավելի արժեքավոր դրսևորումների տեսանելի դառնալը: Մարմինն ակամայից հետևում է և ներդաշնակորեն շարժվում ներքին զգացողությունների թելադրանքով, դրանք սեռական զգացողություններ են, որոնք ի հայտ են գալիս մարդու ներքին աշխարհում, երբ վերջինս բախվում է իր սեռի գոյությանը: Հանդիպումը սեփական սեռի հետ ծնում է ուժեղ սեռական մղում, արթնացնում է մի շարք զգացական ընկալումներ, ստեղծում ներքին լարվածություն, հպվելու, միաձուլվելու, ամբողջանալու պահանջ: Այդ պահանջը չի նայում արտաքին տեսքին և ձևին, նրան հետաքրքիր է միայն ամբողջացումը, սեռային ամբողջացումը:

Գեղագիտական տեսանկյունից կնոջ մարմնին գնահատական տալը բոլորովին այլ տեսահարթակ է բացում: Եթե խոսքը գնում է գեղեցկության մասին, ապա կնոջ մարմնին նման գնահատական տալը շատ հեռու է օբյեկտիվ հիմքերից: Սեռի գոյությունը և սեռական մղման արթնացումը չի կարող թույլ տալ անաչառ հայացքով նայել կնոջ մարմնին և օբյեկտիվ գնահատել նրա գեղեցկությունը, գեղագիտական տեսանկյունից կնոջ մարմնի սեքսուալ կամ ոչ սեքսուալ լինելը դատապարտված է սեռական գրգռման սուբյեկտիվ կարծիքին: Եվ ուրեմն` ինչո՞ւ է կնոջ մարմինն, այն էլ խիստ որոշակի ձևի մեջ, իր վրա վերցրել տղամարդու սեռական գրգռման առաջացման մենաշնորհը: Ո՞ւմն է այս փախուստը: Տղամարդո՞ւնը, թե՞ կնոջինը:

Փակել

Իմ թռիչքը

This content is password protected.

Ճամփորդություն

Ճամփորդության ժամանակ այդ հատվածը մենակով ես անցնում՝ ապավինելով սեփական ուժերիդ, վստահելով ինքդ քեզ ու քո մարմնին: Կյանքի իրական զգացողությունը կախված է այդ հատվածից ու թե ինչպես կհաղթահարես այն:

Ես գնում էի մենակ, ինքս էի իմ աշխարհի հեղինակը և պատասխանատուն, գործում էին իմ օրենքները և կանոնները, որոնցով առաջնորդվում, բացվում ու ծավալվում էի այդ տարածքներում: Ազատության լիակատար վերապրում էր: Ու մի պահ թվաց, թե լքել եմ ընկերոջս, թողել եմ նրան հեռու հեռվում: Մտածեցի. մի՞թե օգտագործում եմ նրան: Մեղքի զգացումի ուժեղ հորձանուտը սկսեց հարվածել ու ներծծել հոգիս, հիասթափություն զգացի ինձնից, մտածում էի, որ այդ պահին ապրածս զգացողությունն ու հաճույքը անձնասեր են, որևէ կապ չունեն նրա հետ, իմն են բացառապես, բայց կար մի այլ զգացողություն ևս, որ հուշում էր, թե դա այդպես չէ, ուրիշ բան կա: Այդ մենակությունն անձնասեր առանձնության պես չէր, քանի որ հիմքում կար մերձավորիս հանդեպ տածած խորը վստահություն, առանց որի հնարավոր չէր էլ լինի հայտնվել այդտեղ, որտեղ կարող ես ազատ լինել ու չվախենալ, այդ մենակությունը շնորհիվ նրա սիրո էր, քանի որ գնում էի մի տեղ, որտեղից գալիս էի հույսով ու սիրով լցված: Մտածեցի, որ սիրելու համար պետք է թողնել միմյանց, միայն հեռանալով կարելի է իսկական սեր տալ, առանց այդ տարանջատումի չկա այդ սերն ու չկա հարաբերություն, կա ծանրություն, կցորդություն, միաձուլում, ու դու պասիվ կրկնող ես, վերադարձնում ես այն՝ ինչ ստանում ես, եթե ոչ պակասած, չկա քոնը, թվում է դու ես, բայց նրա արտացոլումն ես: Ես սա խորապես հակաբարոյական եմ համարում, քանի որ այստեղ դու ոչնչացնում ես ինքդ քեզ ու եթե համոզված ես, որ հաճույք ես զգում, ապա դա ինքնախաբեություն է կամ ստրկամիտ կեցվածք ու թուլություն, դա նույնիսկ ինքնաբավարարումից էլ է վատ:

Կարդալ ավելին

Այդտեղ կարևոր է սահմանի գիտակցումը` զույգի մեջ անհատականության սահմանների, քանի որ պահպանելով անհատականությունդ` վտանգ կա, որ կկորցնես հարաբերությունդ, ես իսկապես հեռացել էի նրանից` նրան կորցնելու իրական ռիսկի գնալով ու հենց այստեղ է, որ պիտի երևա իսկական սերը, քանի որ հենց այդ սերն է, որ ընդունում է քեզ ամեն պարագայում, քանի որ գիտի, թե դու ով ես ու կարևոր չէ՝ կողքին ես, թե հեռու, երբեմն ու թերևս ավելի հաճախ վճարում ես անձնազոհության գինը ու արժի վճարել այդ գինը:

Վերապրել այդ սերը ու հասնել կյանքի ու սիրո զգացողությանը, կարող ես ներքին ուժ ու համարձակություն ունենալու դեպքում, որպեսզի հաղթահարես այդ պահին գրոհող բազում վախերը՝ մենակության, մերժումի, քննադատության, մեղադրման, կորցնելու, կորսվելու, կյանքի անիմաստության ու վերջապես նաև մեծ հաշվով՝ մահվան… Եվ միայն այդ մահվան գնով կարող ես հասնել կյանքի զգացողության:

Փակել

Սեռական առասպելներ

Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր ավանդույթներից և մտակաղապարներից ծնված առասպելներ: Տրվելով այդ առասպելներին՝ կանայք ու տղամարդիկ իրենց սեռականության մասին ձևավորում են իրականությանը չհամապատասխանող սպասումներ, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ:

Հայկական իրականության մեջ ամենատարածված սեռական առասպելներից մեկն այն է, որ կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական փաստերը վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կարողությունը մեծապես կախված է հենց իրենից՝ կնոջից: Այսպես, եթե կինը ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, փսիխոսեքսուալ զարգացման հապաղում, սեքսուալ “ես”-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնալ հիվանդություններ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ, նույնիսկ սեքսուալ ուժեղ տիպի, ի վիճակի չէ այդ կնոջը սեռական հաճույք պատճառել:

Կարդալ ավելին

Եթե կինը բժշկական օգնության շնորհիվ վերականգնում է սեռազգայունությունը, գրգռունակությունը կամ հեշտանք ապրելու կարողությունը, ապա այս դեպքում անինքնավստահ և ինքնաքննադատման հակում ունեցող տղամարդուն համակում են մտավախություններ ու կասկածներ՝ կապված կնոջ հավատարմության հետ. «եթե նա արդեն իմացավ ինչ է սեռական հաճույքը, ապա ինչ կլինի, եթե ես մի օր չկարողանամ բավարարել նրան»: Ահա սա էլ հաջորդ, ոչ պակաս տարածում գտած առասպելն է: Ամուսինը ընկնում է կեղեքումների գիրկը, երբեմն նույնիսկ հայտնվում է դեպրեսիայի մեջ: Այս առասպելի զոհն են դառնում հազարավոր մարդիկ, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է. կինը, ով սեռապես բավարարված է, երբեք չի մտածի զուգընկերոջը փոխելու մասին: Եվ եթե չլինեն տղամարդու նմանատիպ մտավախություններն, ամուսինները կապրեն երջանիկ սեռական և առօրյա կյանքով:

Տղամարդիկ հպարտանում են իրենց սեռական օրգանի չափի և պնդության աստիճանով, քանի որ տարածված է այն կարծիքը, որ տղամարդու սեռական օրգանի չափը և ձգվածության աստիճանը կնոջը սեռապես բավարարելու և որպես տղամարդ ռեալիզացվելու միակ կարևոր չափանիշն է: Սակայն ի հակառակ վերը նշվածի, բազում կանայք սեռական հարաբերության ժամանակ ամենաքիչը կարևորում են հենց բուն սեռական ակտը, այդ կանանց համար ավելի մեծ նշանակություն ունի սիրային նախերգանքը, տղամարդու հուզական էքսպրեսիվությունը, ուշադրությունը, ինչպես նաև` կնոջ հանդեպ առօրյա վերաբերմունքը: Եվ իրոք, գիտականորեն ապացուցված է, որ կնոջ սեռականությունը մեծապես պայմանավորված է հոգեբանական գործոններով, քան ֆիզիկական պարամետրերով (սեռական անդամի չափ, պնդություն, սեռական հարաբերության տևողություն): Ցավալի է, բայց փաստ նաև այն հանգամանքը, որ կանայք իրենց սեռական գրավչությունը կապում են իրենց հանդեպ տղամարդու դրսևորած հետաքրքրության հետ, եթե ամուսնու կողմից նվազում են անցյալում եղած սեռական ցանկության նշանները, այդ կինը ընկնում է խոր վշտի գիրկը. “ես այլևս դադարել եմ նրան որպես կին հրապուրել և կորցրել եմ իմ երբեմնի գրավչությունն ու գեղեցկությունը, հիմա նա, ամենայն հավանականությամբ, գտել է երիտասարդ սիրուհի”: Իսկ իրականում տղամարդու սեռական ցանկության նվազումը հնարավոր է բացարձակ կապ չունենա կնոջ գրավչության հետ, այլ բխի հենց իր՝ տղամարդու սոցիալական, հեգեբանական կամ գուցե նաև կենսաբանական խնդիրներից: Եվ եթե տղամարդը ժամանակին վերականգնի իր սեռական ցանկությունը, չի խորանա նաև նրանց միջև առաջացող միջանձնային անդունդի սպառնալիքը: Մինչդեռ կա հոգեբանական ֆենոմեն, այն է՝ կնոջ կողմից կպչուն բնույթի մտավախությունները իրականացվում են տղամարդու կողմից:

Վերջապես տղամարդիկ ռոբոտներ չեն, իսկ սեռական ակտը` մեխանիկական գործընթաց և հնարավոր է, որ նրա մոտ էլ պարբերաբար չլինի սեռական ցանկություն, կամ այնպես պատահի, որ չգոհացնի կնոջը, դա միանգամայն բնական է և հատկանշական է բոլոր տղամարդկանց

Ինչ վերաբերում է տարիքային փոփոխություններին, տարածված է այն կարծիքը, որ տարիքի հետ տղամարդը կորցնում է պոտենցիան, բայց իրականում պարզապես նվազում է սեռական ցանկությունը, և երիտասարդ հասակի հետ համեմատած ոչ այնքան հաճախակի է առաջանում սեռական պահանջ: Կարևոր է դառնում ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ բովանդակությունը, մինչդեռ էրեկցիայի հետ կապված որևէ խնդիր առաջանում են ավելի ուշ տարիքում, եթե իհարկե բացակայում են այլ հիվանդությունները:

Ուստի տղամարդկանց խորհուրդ է տրվում հետևել իրենց առողջությանը, հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին, չչարաշահել ալկոհոլը և նիկոտինը և անպայման իմանալ տղամարդու սեռականության շուրջ պտտվող առասպելների հիվանդագին ազդեցությունների մասին:

Փակել

Սերը որպես կախվածություն

Սերը կարող է կոկայինային կախվածության պես կպչուն լինել…

– Արդյոք, սերը հիվանդությո՞ւն է:

– Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:

Գիտական փաստերը վկայում են, որ սիրով խանդավառված անձի օրգանիզմում բարձրանում է նյարդային մեդիատոր դոպամինի քանակությունը եւ իջնում է սերոտոնինի քանակը: Դոպամինը այն նյարդային մեդիատորն է, որը դրդում է կրկին անգամ ձեռնարկել այնպիսի վարքային ակտիվություններ, որոնց ավարտին ի հայտ է գալիս խորը բավարարման զգացողություն: Ահա թե ինչու է սեքսուալ բավարարման զգացողությունը բերում սեռական ցանկության բորբոքման:

Գիտական հետազոտությունները վկայում են, որ կախյալության հակվածությամբ օժտված անձանց մոտ, օրինակ` նիկոտինային կախյալությամբ տառապող անձի դեպքում, դոպամինի նյութափոխանակությունը այնպես է խաթարված, որ կախյալություն առաջ բերող նյութը, տվյալ դեպքում` նիկոտինը, զգալիորեն ուժեղ հաճույք է հարուցում տվյալ անձի մոտ, քան նրանց, ովքեր չունեն կախյալության հակվածություն: Նմանապես «կպչուն-սեւեռուն» սիրո դեպքում, սիրված անձնավորությունը դառնում է կախյալության օբյեկտ եւ առաջացնում այնպիսի ուժեղ հաճույքի զգացողություն, որն ամրապնդում է այդ ախտի ձեւավորումը:

Կարդալ ավելին

Սերոտոնինն ունի տրամադրությունը, ախորժակը եւ քունը կարգավորող ազդեցություն, լավացնում է հիշողությունը եւ սովորելու կարողությունները, սերոտոնինի քանակը գլխուղեղում բարձրացնող դեղերը բերում են տրամադրության բարձրացման եւ տագնապի իջեցման: Հիվանդագին սիրո ժամանակ սերոտոնինի ցածր քանակությամբ է պայմանավորվում դեպրեսիվ-տագնապային ապրումների` անքնության, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողության, ախորժակի կորուստի գերիշխումը անձի հոգեվիճակում: Սերը կարող է կոկաինային կախյալության պես կպչուն լինել: «Կպչուն-սեւեռուն» սերը ունի խորն արմատներ, որոնք հասնում են մինչեւ մանկության տարիներ: Երբ ծնողները ի վիճակի չեն բավարարել երեխայի հուզական պահանջները, երեխան մեծանալով` կյանքի ողջ ընթացքում շարունակում է հուզական ուշադրություն տենչալ: Նա հեշտությամբ գերվում եւ սեւեռվում է դժվար հասանելի եւ հուզականորեն անմատչելի զուգընկերների վրա, որովհետեւ վերջիններս անգիտակցաբար դիտարկվում եւ նմանակվում են այն ծնողին, որի սիրո պակասը իրենք միշտ զգացել են:

Եվ այսպես` ամփոփելով վերոշարադրյալը, կարելի է եզրահանգել, որ սերը հիվանդություն կարող է դիտարկվել այն դեպքում, երբ այն կրում է կպչուն-սեւեռուն հոգեկան խանգարման բնույթ: «Կպչուն-սեւեռուն» սիրո հակված են առավելապես կախյալության հակվածությամբ անձիք: Հիվանդագին սիրով ախտահարման մյուս ռիսկային գործոնը ծնողների հուզական վերաբերմունքն է երեխային, հուզական սառնությունը, անմատչելիությունը:

Փակել

Անկանոն սեռական կյանք` պրոմիսկուիտետ

Անկանոն սեռական կյանքը` բազմակի զուգընկերների հերթափոխմամբ, համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այս խանգարումը հաճախ հանդիպում է աղջիկների մոտ և արտահայտվում բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությամբ, ում հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, սեռական հարաբերությունը նրանց հետ առաջինն ու վերջինն է: Խոսքը չի վերաբերում մարմնավաճառությանը, որովհետև սեռական այս վարքի հիմքում, ոչ մի դեպքում, ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Նրանց չի առաջնորդում նաև սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` հիմնական դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:

Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները հաճախ ձեռք են բերում սեռավարակներ և տարածում իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին, իր անպատասխանատվության պատճառով հաճախ մնում է թերի բուժված, և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում` ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես, եթե ընդհատել են չնախատեսված հղիությունները: Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը: Կարելի է ասել, որ պրոմիսկուիտետը նաև սոցիալական չարիք է, բացի առողջական խնդիր լինելուց, քանի որ հասանելի լինելով իբրև սեռական օբյեկտ, այսպիսի աղջիկները ստեղծում են կանացի սեքսուալության այնպիսի պակերացումներ, որտեղ կինը հանդիսանում է լոկ հաճույքի առարկա։

Կարդալ ավելին

Իսկ ինչո՞ւ է աղջկա սեռական կյանքը ձեռք բերում նման ընթացք, արդյո՞ք սա ժառանգական նախատրամադրվածություն է, թե կյանքի անբարեհաջող հանգամանքներն են «մեղավոր»: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման վարքի աղջիկները ունեն աձի սահմանային տիպ, իսկ դա նշանակում է հուզական անկայունություն, առանց հետևանքները հաշվի առնելու, ներքին մղումով գործելու վառ արտահայտված միտում: Միջավայրի ազդեցությունը հեշտությամբ կարող է հրահրել վարքային «պայթյունների», նրանք դյուրագրգիռ են, դժվարանում են իրենք իրենց տիրապետել: Մյուս կողմից այս աղջիկներն ունեն անինքնավստահության զգացում և որպես անլիարժեքության դեմ պայքարի միջոց ընտրել են իրենց սեռի գրոտեսկային ընդգծումը, քանի որ համարում են, որ տղամարդուն գրավում են կրքոտ, սեռազգայուն և մուլտիօրգաստիկ կանայք:

Այն պատճառով, որ այս աղջիկներն ի վիճակի չեն կայուն փոխհարաբերություններ ստեղծել,նրանց «կյանքի ընկերը» երկար չի դիմանում իրենց կողքին և հեռանում է: Սա իր հերթին ավելի է խորացնում թերարժեքության զգացումը, հուսահատության մեջ հայտնվելով՝ նրանք սկսում են իմպուլսիվ կերպով` առանց իրենց հաշիվ տալու փոխարինել մի տղամարդը մյուսով: Սեռական կապերը նրանց կյանքում դառնում են ինքնահաստատման և թերարժեքության խորը զգացումից ձերբազատման կարևոր միջոց:

Իրականում այս աղջիկները խորը թերարժեքության և միայնակության զգացում ունեն և սեռական անկանոն վարքի միջոցով փորձում են խուսափել անտանելի այս զգացողություններից՝ դատարկություն, ցածր ինքնագնահատական, ինքնանվաստացում, մենակության վախ, ընկճվածություն: Սա հոգեսեռական լուրջ խնդիր է համարվում, որը ավելի բարձր տարիքում կարող է հանգեցնել խորը տառապանքի դատապարտված լինելու և անելանելիության զգացման, ուստի հարկ է ժամանակին դիմել կոմպետենտ մասնագետի՝ տվյալ դեպքում՝ բժիշկ-սեքսոլոգի օգնությանը:

Փակել

Պատանեկան ձեռնաշարժություն

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, ինքնաբավարարում, օնանիզմ) ձեռքի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով` տղամարդկանց մոտ և հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ: Կան ձեռնաշարժության մի քանի ձևեր: Նախ և առաջ դա պատանեկան ձեռնաշարժությունն է: Սա պատանեկան տարիքում տղաների սեռական հասունացման բնորոշ դրսևորումներից է: Ձեռնաշարժության այս տեսակը պայմանավորված է ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններով: Ֆիզիոլոգիական գործոնն այս տարիքում առաջացող նեյրոհորմոնալ բուռն տեղաշարժերն են:

Պատանեկության շրջանում կտրուկ բարձրանում է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի քանակությունը, որը երկու ճանապարհով խթանում է ձեռնաշարժության երևույթը: Նախ, տեստոստերոնի աճող քանակը արագացնում է ամորձիների զարգացումը և սերմի արտադրության պրոցեսը: Արագ տեմպերով կուտակվող սերմնահեղուկը լարում է առաջացնում սերմնատար ուղիներում` ճնշում գործադրելով այդ ուղիների պատերում տեղակայված մեխանոռեցեպտորների վրա: Այս ճնշումը ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի վիճակ, որից ամեն կերպ ազատվելու ձգտումը դառնում է գերիշխող շարժառիթ:

Կարդալ ավելին

Մյուս կողմից, տեստոստերոնն ազդելով բարձրագույն նյարդային համակարգում տեղակայված սեռական վարքի համար պատասխանատու կենտրոնների վրա` թողնում է էրոտիզացնող հատկություն, որը դրսևորվում է սեռազգայնության բարձրացմամբ, սեռական բնույթի երևակայությունների առաջացմամբ: Ձեռնաշարժությանը նպաստող սոցիալական գործոններն են` ընտանիքի ձևավորման տարիքային բարձր շեմը և մեր հասարակության մեջ կնոջ և տղամարդու համար գործող բարոյական նորմերի երկակի ստանդարտները:

Պատանին այս տարիքում ոչ կարող է ամուսնանալ, քանի որ սոցիալապես հասուն չէ, ոչ էլ սեռական կապ ունենալ իր հասակակից աղջիկների հետ, քանի որ վերջիններս պետք է պահպանեն իրենց կուսությունը նախքան ամուսնանալը: Այսպիսով, պատանեկան տարիքում հորմոնալ փոթորկով պայմանավորված սեքսուալ դիսկոմֆորտից ձերբազատվելու ուղին դառնում է ձեռնաշարժությունը: Բժշկական տեսանկյունից պատանեկան հիպերսեքսուալության ձեռնաշարժությունը չունի ախտաբանական ազդեցություն առողջության վրա: Այն ունի ժամանակավոր բնույթ և սովորաբար անցնում է, երբ ավարտվում է սեռական հասունացման բուռն շրջանը, սովորաբար 21 տարեկանին մոտ:

Սակայն, կրոնական պատկերացումների ազդեցության տակ ձեռնաշարժությունը սերտ կապով ամրացել է մեղքի զգացումի հետ: Հին Կտակարանում այս երևույթին տրվում է խիստ բացասական գնահատական, համարվելով ծանրագույն մեղք:

Փակել

Ում դիմել` սեքսոլոգի՞ն, թե՞ հոգեբանին

Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ մարդիկ չեն կողմնորոշվում` ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրենց` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: Քանի որ միջսեռային դժվարությունները մարդուն հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Եվ իրոք, շատ դեպքերում հոգեբանը մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել անինքնավստահությունը, անլիարժեքությունը, օգնում է բարձրացնել ինքնագնահատականը:

Սակայն, գոյություն ունի այն սխալ պատկերացումը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն՝ զույգի միջև առկա է փոխադարձ հասկացողություն, սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է:

Կարդալ ավելին

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրականությունը բոլորովին այլ է: Բժիշկ-սեքսոլոգին դիմում են բազմաթիվ զույգեր, որոնք ունեն շատ ջերմ հարաբերություններ, սիրում և փայփայում են միմյանց, բայց փաստացի, անկողնում ոչինչ չի ստացվում: Սիրո զգացումի առկայությունը գուցե և պարտադիր պայման է սեռական մերձեցման համար, սակայն միայն սերը բավարար չէ:

Սեռական հարաբերություններում և, հատկապես սեռական ակտի ընթացքում, բացի հոգեկան գործընթացներից, մասնակցում են նաև մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմներ: Սեռական ցանկության առաջացումը, սեռական գրգռումը և օրգազմն ունեն իրենց մարմնական հիմքը: Այստեղ անհրաժեշտ է նյարդային միջնորդանյութերի, անոթների, հորմոնների, մկանների համատեղ և ներդաշնակ համագործակցություն, որպեսզի սեռական հարաբերությունն անխափան ընթացք ունենա՝ ցանկության առաջացումից մինչև օրգազմ: Ֆիզիկական տարաբնույթ շեղումները, որոնք հաճախ տեսանելի չեն, խափանում են սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիան, որն էլ իր հերթին արժանանալով մարդու ոչ առողջ մեկնաբանությանը` բերում է բացասական հույզերի առաջացման և վերոնշյալ ֆիզիոլոգիական շեղումների ամրապնդման:

Հոգին ու մարմինը համատեղ են գործում և այս միասնությունը հատկապես ակնհայտ և ընդգծված է մարդու սեռական գործառույթի մեջ։ Մարդու բոլոր սեռական խանգարումները կամ դժվարությունները հոգեմարմնական բնույթ ունեն:

Սեռական դժվարությունների և հոգեսեռական անբավարարվածության զգացումը պետք է գիտակցվի զույգերի կողմից և կարևորվի իբրև խնդիր, քանի որ այն դառնում է ոչ միայն հարաբերությունների քանդման, այլ նաև մարմնական հիվանդությունների առաջացման պատճառ և նպաստում է կյանքի որակի իջեցմանը:

Ուստի մի վարանեք դիմել օգնության, եթե առկա են անգամ թեթև խնդիրներ։ Պրոֆեսիոնալ օգնությունն այս հարցում անգնահատելի բարիք կբերի ձեր ինտիմ կյանքում, հարաբերություններում և կյանքի մյուս բոլոր ոլորտներում։

Փակել

Վտանգավոր չիմացություն

Մտահոգիչ փաստ է, որ «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում լինելուց: Ավելին` շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: Մի գուցե մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է սեռական առողջությունը՝ դրա տակ պարզունակորեն հասկանալով միայն սեռական օրգանների ֆիզիոլոգիական գործունեությունը և այդ գործունեության հաճույքաբեր կողմը:

«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ, որ այլևայլ ձևերով բացատրենք մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «այլասերվածների բժիշկ» լինելու պիտակին:

Կարդալ ավելին

«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», հաճախ լսում ենք պաշտպանական այսօրինակ մեջբերումներ: Միչդեռ այս նույն մարդիկ թաքուն կերպով անհամար ժամեր են անցկացնում համակարգչի առջև` իրենց հուզող հարցի պատասխանը փնտրելու հույսով կամ ուղղակի այս թեմայի շուրջ հետաքրքրասիրության բավարարման նպատակով: Եվ քանի որ համացանցը ողողված է սեռական կյանքի մասին անթիվ-անհամար հանրամատչելի նյութերով, որոնք շատ հեռու են գիտական հիմքերից, այս մարդիկ հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում ունենալու ռիսկի խմբում:

Համացանցում շրջանառող բազում խեղաթյուրված պատկերացումները և մոտեցումները գիտակցաբար նպատակաուղղված են սեռական առողջության քայքայմանը, քանի որ այն կարող է իջեցնել ծնելիության ցուցանիշը: Բացի այդ, այն ձեռնտու է նաև կոմերցիալ տեսանկյունից, քանի որ ֆինանսական հզոր եկամտի աղբյուր է:

Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Էլ չեմ ասում, որ պոռնո կախվածությունը, ինչպես ցանկացած այլ կախվածություն, հիվանդություն է իր բոլոր ծանր հետևանքներով:

Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:

Փակել

Սեռական խանգարումների առաջացման որոշ պատճառներ

Գիտականորեն հաստատված է, որ սեռական խամգարումների առաջացման գործում նախատրամադրող դեր են խաղում սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները: Սովորաբար ուժեղ սեռական կոնստիտուցիայով տիպի մոտ սեքսուալ խանգարում առաջանալու համար հարկավոր են ուժեղ և երկարատև ախտածին ազդակներ, թույլ տիպի մոտ անգամ կենցաղային խնդիրները կարող են բերել սեռական ախտանիշների դրսևորման։ Մյուս կողմից, ուժեղ սեռական կոնստիտուցիայով անձի մոտ սեռական խանգարում կարող է զարգանալ նաև թույլ սթրեսային իրավիճակում, եթե կան որոշակի անձնային առանձնահատկություններ (շեշտվածություն, փսիխոպաթիա), և հակառակը` թույլ կոնստիտուցիանալ տիպի մոտ անգամ ուժգին սթրեսից սեռական խանգարում կարող է չառաջանալ, եթե չկան անձնային նախատրամադրող գործոններ և գործի են դրվում հզոր հարմարողական բնույթի հակազդեցություններ:

Սեռական խանգարման առաջացման մեխանիզմները գործում են հիմնականում երկու ուղղությամբ՝ պայմանական ռեֆլեքսների առաջացում և վեգետատիվ կարգավորման խանգարում։ Ըստ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության Պավլովյան տեսության` պայմանական գրգիռներն առաջացնում են տագնապ, որն էլ ըստ էության կարող է անմիջականորեն բերել սեռական խանգարման, քանի որ արգելակում է ողնուղեղային կենտրոնների գործունեությունը, որի հետևանքով էլ չեն առաջանում նյարդաանոթային ռեֆլեքսներ:

Կարդալ ավելին

Մյուս կողմից, նյարդային համակարգն արտաքին կամ ներքին ախտաբանական գրգիռների ազդեցությանն արձագանքում է վեգետատիվ ռեակցիաներով: Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումը բերում է սեռական գրգռման խանգարման, պարասիմպաթիկ համակարգի ակտիվացումը խանգարում է օրգազմի ռեֆլեքսի առաջացմանըը: Սրանք իրենց հերթին դառնում են տագնապի աղբյուր և արատավոր օղակի հաստատմամբ ամրապնդում սեռական խանգարման ձևավորումը:

Այսպիսով` սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները պայմանավորում են նյարդային պրոցեսների լարվածության կամ դյուրաշարժության ունակությունը, նյարդահումորալ գործընթացների ճկունությունը, հորմոնալ հագեցվածության մակարդակը: Այս ամենից էլ կախված են միևնույն արտաքին անբարենպաստ ազդակների պատճառով սեռական խանգարման առաջացումը մի անհատի և բացակայությունը` մյուսի մոտ:

Փակել

Page 2 of 2

© 2022 | ՆարինԷ Ներսիսյան | Հեղինակային իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений