ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Category: Կանանց սեռականություն (Page 2 of 2)

Սեռական ակտիվության դրական կողմերը

Իբրև ելման կետ վերցնենք այն փաստը, որ սեռական ակտիվությունը պարտադիր պայման չէ առողջության պահպանման համար, քանզի շատ թվով կանայք ապրում են երկար տարիներ և իմաստալից կյանք` առանց սեռապես ակտիվ լինելու, այպես կոչված ասեքսուալ կանայք: Մյուս կողմից սեռական ակտիվությունը վերարտադրման կարևոր նախապայման է և կան բազում թվով կանայք և տղամարդիկ ովքեր սեռային հարաբերություններին տալիս են կենտրոնական և առաջնային տեղ իրենց կյանքում, թեև սեռապես ակտիվ լինելը դեռևս չի նշանակում, որ նրանք բավարարված են իրենց սեռական կյանքից:

Եվ այսպես, կանանց համար սեռակապես ակտիվ լինելը կարող է «շահեկան լինել» մի քանի տեսանկյունով: Նախևառաջ, ամենամեծ պարգևն իհարկե երեխա ունենալն է: Վերարտադրությունից բացի, սեռական հարաբերությունը կնոջը կարող է տալ այլ տեսակի «ցանկալի պտուղներ»: Դրանք են` սիրելի անձնավորության հետ էմոցիոնալ խորը մտերմության վերապրումը (որն ի վիճակի չէ տալու ցանկացած այլ ֆիզիկական ակտիվություն), ցանկալի լինելու զգացումը և սիրած մարդուն հաճույք պարգևելու հնարավորությունը: Այս տիպի կանայք սիրով ընդգրկվում են սեռային մերձեցման մեջ, սակայն հուզական մտերմության վերապրումը չի ուղեկցվում սեռային գրգռումով և նրանք չեն ապրում սեքսուալ-էրոտիկ հաճույք և հեշտանք, ինչը թերևս չի էլ հուզում նրանց, ուստի և սեքսոլոգիական տեսանկյունից նրանք չեն կարող համարվել խանգարում ունեցող և բուժման ենթակա անձիք, թեև հնարավոր է, որ իրենց սեքսուալ զգայունությունը մեծ խնդիր է հանդիսանում զուգընկերոջ (ամուսնու) համար:

Կանանց այլ տեսակը կարևորում են բուն սեքսուալ գրգռումը, սեռական հաճույքը և հեշտանքի վերապրումը: Այս կանանց համար սեռային մերձեցումը հենց այս նպատակին է ծառայում և նրանք խիստ վհատվում են, երբ չեն կարողանում հասնել գրգռման և հեշտանքի: Այս կանայք թեև կարևորում են հուզական մտերմությունը, ցանկալի լինելու և տղամարդուն հաճույք տալու հնարավորությունները, բայց չեն ապրում լիարժեք հոգեսեքսուալ բավարարում, երբ իրենք անձամբ չեն ապրում լիարժեք սեռական գրգռում և հեշտանք, տառապում են կիսաբավարարված լինելուց և ունենում են լուրջ մարմնական հետևանքներ` իբրև իրենց սեռական խանգարման բարդություն: Գրգռման և հեշտանքի խանգարումները այս կանանց ստիպում են օգնություն փնտրել և վերականգնել իրենց էրոտիկ զգայունությունը, որը միանգամայն իրատեսական է այսօրվա սեռագիտության նվաճումների շնորհիվ:

Սեռական համատեղելիություն և ներդաշնակություն

Հաճախ լսում ենք այն թյուր կարծիքը, որ սեռական ներդաշնակությունը որոշակի կնոջ և որոշակի տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել:

Այս տեսակետից բխում են որոշ հասարակական դրսևորումներ: Երիտասարդ տղան ամեն կերպ ձգտում է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ նախքան ամուսնանալը, քանի որ ուզում է համոզված լինել, որ սեռապես համատեղելի է նրա հետ: Նրան սարսափ է ներշնչում այն միտքը, որ ամուսնանալուց հետո ինքը կարող է կանգնել “փաստի առջև” և արդեն ուշ կլինի որևէ բան փոխելը ու ստիպված կլինի ամբողջ կյանքը բավարարվել “միջակ սեքսով”: Փոխելով զուգընկերոջը/ուհուն հույսեր են տածվում ավելի մեծ սեռական բավականություն ստանալու, քան իրականում առկա է ներկա հարաբերության մեջ:

Այսպիսով հետապնդելով սեռական ներդաշնակությունը պատրաստի վիճակում ինչ-որ տեղ գտնելու անհիմն փափագը, անցնում են տարիներ, մեկը մյուսի հետևից հերթափոխվում են սեռական զուգընկերներ/ուհիներ և այդպես էլ սայլակը տեղից չի շարժվում:

Մինչդեռ իրականում սեռական համատեղելիությունը զույգի համատեղ ջանքերով ստեղծված իրողություն է: Այն չի տրված պատրաստի վիճակում, այլ սերմ է, որը պահանջում է հետևողական խնամք, որպեսզի ծլի ու ծաղկի և ամուսնական կյանքի տարիների ընթացքում տա իր արժանի պտուղները: Այս ճանապարհին զույգը հանդիպում է որոշակի դժվարությունների և խոչընդոտների, այդ թվում և բժշկական, որոնց հաղթահարումը սեռական ներդաշնակության հասնելու նախապայման է: Փախուստը այդ դժվարություններից խոսում է անձնային խնդիրների մասին: Ամեն անգամ դիմելով փախուստի անձը մնում է նույն կետում կանգնած, որը շատ հեռու է սեռական ներդաշնակությունից:

Կանանց ակտիվ սեռական կյանքի ընդհատումը

Եկեք պատկերացնենք` ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինը ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ:

Որոշակի շրջանից հետո չբավարարված սեռական պահանջը, աստիճանաբար հասունանալով, օրգանիզմում ստեղծում է ներքին լարվածության կամ դիսկոմֆորտի վիճակ: Այս վիճակը պայմանավորված է նյարդա-հորմոնալ մեխանիզմներով, չէ՞ որ սեռական ֆունկցիային մասնակցող համակարգերը աշխատում են նախկին ռեժիմով և դեռ չեն հասցրել հարմարվել նոր ռեժիմին: Ի հայտ է գալիս բարձր սեռազգայունություն,…. ամենաչնչին սեքսուալ գրգիռները կարող են սեռական ցանկություն հարուցել, երազների բովանդակությունը ստանում է էրոտիկ երանգավորում, մարմնի մեջ կա ինչ-որ անհասկանալի լարվածություն, դյուրագրգռություն, նյարդայնություն: Հիշենք, որ առողջ սեքսի և օրգազմի ժամանակ գլխուղեղում ձերբազատվում են մորֆինանման նյութեր, որոնք նյարդային համակարգի վրա ունեն ընդհանուր հանգստացնող և հուզական ոլորտը կայունացնող ազդեցություն:

Կարդալ ավելին

Կան կանայք, ովքեր սեքսուալ աբստինենցիայի վիճակը միանգամայն հանգիստ են տանում, բայց կան նաև այնպիսինները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում վերագտնել իրենց ներքին հանդարտությունը և ֆիզիոլոգիական կոմֆորտ վիճակը: Այս վերջին խումբ կանանց մոտ ի հայտ են գալիս կլինիկական նշաններ, որոնք խոսում են նյարդային համակարգի ներընդգրկման մասին: Դրանք են գլխացավերը, դյուրագրգռությունը, հուզական անկայությունը, արյան ճնշման տատանումները, շնչառության հետ կապված խնդիրներ, ցավերը սեռական օրգանների շրջանում և մարմնի տարբեր մասերում: Սովորաբար, եթե այս խմբի կանայք դեմ չեն ձեռնաշարժությանը, այս շրջանում հաճախ ակտիվորեն փորձարկվում է սեռական ակտիվության այս տարբերակը` փոքր-ինչ թեթևացնելու համար բորբոքված սեռական կիրքը: Իսկ եթե ձեռնաշարժության հանդեպ կա ներքին բացասական համոզում, ապա այս կանայք ուժգնորեն տառապում են սեռական անբավարարվածության վերապրումից:

Ինչքանո՞վ է վտանգավոր այս վիճակը օրգանիզմի առողջության համար: Բիոլոգիական տեսանկյունից սեռական պահանջը բնության կողմից ստեղծված սերնդաշարունակման հուսալի գրավականն է: Կինը, որի կողքին չկա տղամարդ, իրեն լիարժեք չի զգում, քանի որ առանց տղամարդու չի կարող մայրանալ: Սերնդաշարունակումից բացի սեռական ֆունկցիան ունի այլ բազում մոտիվացիաներ, որոնք հիմնականում ծառայում են կնոջ հոգեբանական և սոցիալական պահանջների բավարարմանը: Այսպես օրինակ, մարդկային ջերմություն զգալու, մենակության ծանր զգացումից ազատվելու, սիրված և ցանկալի լինելու, ազատության վայելքը զգալու պահանջները սեռական ցանկության հիմքում ընկած կարևոր մոտիվացիաներից են: Եվ եթե սերնդաշարունակումը անհնարին է առանց սեռական կապի, ապա այս վերջին պահանջների բավարարումը միանգամայն իրականանալի է այլ ձևաչափի շփումների ժամանակ:

Այստեղից հարց է ծագում, արդյոք սեքսուալ աբստինենցիայի հիվանդագին նշանները հենց այս տարատեսակ պահանջների բավարարման պակասից չե՞ն բխում: Եթե այո, ուրեմն սեռական անբավարարվածությունը ուղղակի դիմակ է, որի տակ թաքնված են պարզ մարդկային պահանջմունքեր: Սեռական կյանքի բացակայությունից տառապող կինը գտնելով վերոնշյալ պահանջմունքների բավարարման այլ ձևեր` կարող է հանգիստ ապրել առանց սեռական կյանքի: Նույնիսկ հարկ չի լինի դիմելու ձեռնաշարժության, եթե խոսքը վերաբերում է այդ ձևով ներքին հոգեբանական դիսկոմֆորտը փարատող կանանց:

Այսպիսով ստացվում է, որ սեռական կյանքի բացակայությունն ինքնին, այդքան էլ դրամատիկ ազդեցություն չունի կնոջ կյանքի որակի վրա, եթե նա գոնե մեկ անգամ լուծել է սերնդաշարունակման խնդիրը: Իսկ նյարդա-հորմոնալ մեխանիզմները այնքան ճկուն են, որ սեռական կյանքի բացակայության դեպքում աշխատում են այնպիսի աշխատանքային ռեժիմով, որը ստեղծում է առավելագույն ֆիզիոլոգիական կոմֆորտ:

Ասվածը ամենեևին չի հերքում կնոջ կյանքում սեռական կյանքի և սեռական հաճույքի ունեցած կարևոր դերը: Խոսքը պարզապես գնում է սեռական կյանքին և հաճույքին դոմինանտ և ֆետիշային նշանակություն չվերագրելու մասին, քանի որ սեռական առողջությունը և ընդհանրապես` առողջությունը ենթադրում է չափի զգացողություն և գերարժեքային կպչուն մտքերի բացակայություն:

Փակել

Անպատասխան սեռական գրգռվածություն

Հաճախ են բժիշկ-սեքսոլոգին հարցնում, թե արդյոք վնասակար չէ՞ սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Նմանատիպ հարցեր ուղղում են հատկապես այն կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչո՞ւ են ծագում այսպիսի հսրցեր, մի՞թե այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում, որովհետև հասարակական անգիտակցականում նախաամուսնական սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…

Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ պահանջի հետ մղումն ու սեքսուալ գրգռվածության դեմ պայքարը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան մարմնապես արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ է սեռական հարաբերություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա: Եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է:

Կարդալ ավելին

Այժմ պատկերացնենք, որ ի պատասխան սեքսուալ գրգիռի, կնոջ մոտ ի հայտ է եկել սեռական գրգռվածության ներքին վերապրում, սակայն սեռական հարաբերության օգտին խոսող «կողմերը» ծանրակշիռ չեն: Ի՞նչ է անում կինը: Դե իհարկե, բռնանում է սեփական մարմնի վրա, դիմադրելով սեռական գրգռման բնականոն և միանգամայն առողջ դրսևորմանը: Իսկ ո՞րն է հետևանքը: Եթե այդպիսի “բռնությունը” հաճախակի և պարբերաբար կրկնվող իրողություն է, հետևանքը` նյարդային մեխանիզմներով սեռական գրգռման առողջ ռեֆլեքսի ապաարգելակումն է: Աստիճանաբար սեքսուալ գրգիռները դառնում են անտարբեր, կինը հանգիստ կարող է պահպանել լիակատար սեռական սառնություն անգամ ամենաիմաստուն սեռական գրգռման պարագայում: Այսպիսի ելքը կարող է դրամատիկ դեր խաղալ ապագայում, երբ պարզվում է, որ սիրելի ամուսնու հետ ցավոք, ոչինչ չի ստացվում:

Ուրեմն` ի՞նչ: Ինչպե՞ս վարվել խելամտորեն, որպեսզի կոնֆլիկտ չունենալ բազմամյա ավանդության հետ և պահպանել առողջ սեքսուալությունը: Պատասխանը շատ պարզ է` պատասխանատու լինել սեփական մարմնի նկատմամբ: Իսկ դա նշանակում է ճանաչել մարմինը և հաշվի նստել մարմնական դրսևորումների հետ, նախքան սեռական բնույթի որևէ գործողություն ձեռնարկելը` կշռադատել ու գիտակցել մարմնի վրա սեռական վարքի բոլոր հնարավոր հետևանքերը:

Փակել

Մոխրոտի բարդույթ

«Ես շատ եմ վախենում տղամարդկանցից ու չեմ կարողանում լուրջ հարաբերություններ կառուցել, յուրաքանչյուր նոր հանդիպումը հերթական հիասթափությունն է բերում, թե՛ տղամարդկանցից, թե՛ ինձնից: Ու թեև ավելի մոտիկից ճանաչելու դեպքում սկսում եմ ավելի քիչ վախենալ նրանից ու սեռական ձգողություն են զգում, այնուհանդերձ, երբ նա մոտենում է ինձ և փորձում գրկել, համբուրել կամ գուրգուրել, խառնվում եմ և շփոթվում: Ի վերջո, մեր հարաբերությունը ընդհատվում է ու մենք մնում ենք ուղղակի ընկերներ», -պատմում է 38-ամյա չամուսնացած կինը: Մեր զրույցների ընթացքում աստիճանաբար բացահայտում եմ, որ նա հմտորեն շրջանցում է բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են դառնալ անվերահսկելի և ինքը կարող է կորցնել ինքնատիրապետումը: Չկա հանպատրաստի երևույթ, չի կարող լինել և «անախորժ պատահար»: Մինչդեռ երազանքների գրկում նա խորասուզվում էր սիրված և սիրող դիցուհու արկածների մեջ և իրականացնում գլխապտույտ թռիչքներ` առանց կապտուկներ ստանալու վախի, օրեցօր էլ ավելի հեռանալով իրականությունից:

Անվերահսկելի վախը տղամարդկանցից և սեռական կյանք սկսելուց խնդիրներ են, որոնք դասվում են սեքսուալ ֆոբիաների շարքին։ Նմանատիպ վախերի հիմքում ընկած է աղջկա հոգեսեռական զարգացումը այնպիսի միօրինակ պատմություններով սնուցելը, որոնք աղջկա անգիտակցականում արթնացնում են կախյալ կնոջ համընդհանուր կերպարը։ Հատկապես մեծ խնդիր են դառնում քնած դիցուհու կամ մոխրոտի պատկերներով բարդույթավորելը, քանի որ միջսեռայն հարաբերություններում գերակա մոտիվ է դառնում սպիտակ ձի հեծնած փրկիչ-ասպետի սպասումը։ Աղջկան դաստիարակում են այնպես, որ նա սկսում է հավատալ, թե անհնար է իր ուժերի սահմանում որևէ դժվարություն հաղթահարելը, որ նա թույլ սեռ է և ոչ բավարար ռեսուրսներ ունի, որպեսզի հասնի իր նպատակին։ Բարդույթավորման այս գործընթացքում նշանակալի դեր են խաղում սեռական օրգանների մասին անատոմիական գիտելիքի պակասը, որը դառնում է սեփական մարմնի սխալ ճանաչողության պատճառ և ամրապնդում թերի սեռ լինելու համոզմունքը։ Հասունացող աղջկա վարքում գերակա մոտիվ է դառնում նստել սպասելը, այլ ոչ թե ինքուրույն գործելն ու նախաձեռնելը։ Հարաբերությունների հաջողության հիմքում դրվում է ոչ թե սեփական ստեղծագործ ներուժին ապավինելը, այլ դրսից պատրաստի լուծումներ ստանալը, ընդ որում խիստ որոշակի ձևաչափի սահմաններում։ Ձևավորվում է կախյալ ու ոչ բավարար անձ, ում համար միակ փրկության հույսը դրսից է, իրականության մեջ գոյություն չունեցող, անրջային երազանք հանդիսացող զուգընկերը։

Ես շատ եմ սիրում այստեղ մեջբերել «Շրեկ» մուլտֆիլմը, որտեղ ակնհայտորեն ի ցույց է դրված սեփական պատկերացումների հետ բախման զարմանքը։ Պատմությունը մի հրեշի մասին է, ով վախկոտ արքայազնի փոխարեն պետք է ազատի վիշապի հսկողության տակ դղյակում գերված արքայադստերը: Բնականաբար, ասպետական դպրոցի կրթություն չունեցող հրեշը արքայադստերը պիտի փրկեր սեփական մոտեցմամբ: Տեսնելով քնից ընդարմացած արքայադստերը, որ շուրթերը կիսաբաց պառկած է, նա գոռում է իր ողջ ուժով.

-Հե՜յ, արթնացե՛ք:

-Ի՞նչ,-քնաթաթախ մրմնջում է արքայադուստրը:

-Դուք արքայադուստր Ֆիո՞նան եք:

-Այո՛, ես եմ, սպասում եմ քաջարի ասպետին, նա շուտով պիտի փրկի ինձ:

-Պարզ է,-անտարբեր ձայնով ասում է Շրեկը ու քաշելով Ֆիոնայի ձեռքից՝ բղավում՝ գնացի՛նք, արագ:

-Սպասեցե՛ք, ասպե՛տ: Չէ՞ որ սա մեր առաջին հանդիպումն է: Մի՞թե սա չպիտի լինի մեր սիրո ամենառոմանտիկ ու հեքիաթային պահը:

Արքայադուստրը դրամատիկ թատերականությամբ վայր է ընկնում` ձեռքը ճակատին դրած: -Ցավում եմ, բայց մենք ժամանակ չունենք,- ասում է Շրեկը`քաշելով նրա թևից:

-Այս ի՞նչ եք անում: Դուք պետք է գրկեիք ինձ, պատուհանից դուրս բերեիք և նստեցնեիք ձիու վրա:

-Երևում է` Դուք շատ ժամանակ եք ունեցել այս ամենի մասին մտածելու համար,- ասում է Շրեկը, թափով բացում դուռը և մեծ-մեծ լոնքերով վազում աստիճաններն ի վար:

-Հարկավոր է վայելել այս պահը, Դուք միգուցե բանաստեղծությու՞ն կարդայիք ինձ համար, սոնե՞տ, բալլա՞դ, դե մի բան գոնե, օ՜, ես չեմ կարող հավատալ, ի՞նչ է ,Դու՞ք չեք սպանել վիշապին. չէ՞ որ այդպես էր նախատեսված ծրագրով:

-Արագացրե՛ք:

-Դե՛, այսպես չի լինի, Դուք պետք է հարձակվեիք` թուրը ձեռքն առած, ինչպես մյուս ասպետները… այս ի՞նչ տեսակ ասպետ եք Դուք:

-Ես էլ այս տեսակի ասպետ եմ:

Իր տեսակի մեջ ուրույն ասպետ, ահա, թե ինչը չեն կարողանում ընդունել և հասկանալ արքայադուստր Ֆիոնան, 38-ամյա կինը և շատ այլոք, ովքեր գերադասում են իրենց երևակայության մեջ ստեղծված տղամարդուն իրականից: Որովհետև իրականության օբյեկտիվ ընկալումը և երազներից հրաժարումը նշանակում է հոգնատանջ աշխատանք` ամեն վարկյան իրականության հեղինակ, պատասխանատվություն, համառություն, հաստատակամություն, ինչպես նաև հիասթափություն, հուսալքություն… Իսկ երազում ապահով ես, ամեն ինչ վերահսկման տակ է և հեշտ կառավարելի:

38-ամյա այս կինը խուսափում էր մտերմիկ հարաբերություններ կառուցել տղամարդու հետ, քանի որ ուներ «Քնած դիցուհու» կամ «Մոխրոտի» բարդույթ: Նրան թվում էր, որ մի օր, վերջապես, հայտնվելու է ասպետը սպիտակ ձիով ու փրկելու է իրեն իր անլիարժեքությունից։ Սա այն վիճակն է, որի զարգացման հնարավոր ելքերից մեկը վագինիզմի առաջացումն է։ Առնանդամի հեշտոց ներթափանցման միտքը թվում է գռեհիկ ու կեղտոտ մի բան։ Սեռական գործողության յուրաքանչյուր փորձ պսակվում է անհաջողությամբ։

Սեքսուալ ֆոբիայով բարդացած վագինիզմի բուժումը կազմակերպվում է բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ։ Հաճախ անձն իրեն մեղավոր է զգում, որ ունի այս խնդիրը, կաշկանդվում է մեղավորության զգացումով ու խուսափում դիմել օգնության, այդ թվում բժշկական օգնության։ Պետք է հիշել, որ ինքնահոսի թողնելու դեքպում խնդիրը կարող է ոչ միայն խորանալ ու դառնալ դժվար լուծելի, այլ նաև ազդել զուգընկերոջ սեռականության վրա:

Page 2 of 2

© 2022 | ՆարինԷ Ներսիսյան | Հեղինակային իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений